Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հաթաթա չեմ տալիս, բայց մի ղաչաղ էլ ես կդառնամ...

Հաթաթա չեմ տալիս, բայց մի ղաչաղ էլ ես կդառնամ...
23.01.2009 | 00:00

ԽԱՎԱՐՉՏԻՆ
Կան մարդիկ, որ բան չարած տեղը գլուխներն առնում են ձեռքերի մեջ, նայում խորհրդավոր, հպարտությամբ, պարծենալով գովում, ո՜նց են գովում իրենց գլուխը, որ թվում է` մինչև էս գլուխգովանը մյուսներս ապրել ու շարունակում ենք ապրել անգլուխ։ Թեև, չեմ ժխտում, անգլուխ ապրողներ շատ կան ու լավ էլ ապրում են։ Որ էդպես է, անսալով գլխիս ցանկությանը, ստիպված եմ ես էլ իմ գլուխը գովել։ Հոգնել եմ վաղուց սրա-նրա գլուխը գովելուց։ Էդպես է` մարդ հաճախ ոչ միայն իր մերձավորի, հարազատի արած լավ-լավ գործերը չի տեսնում, այլև, ասես անիծած լինի, ինքն իր արած, հենց գլխի արած լավ-լավ բաները չի տեսնում։ Արդեն զգում եմ, որ համեստ մնալն էլ մի բան չէ։ Ասեմ, որ գլուխս զգա` ինքն էլ կորած չէ, մտածող ուղեղների շարքում իր թեկուզ համեստ, բայց պատվավոր գլուխների դասում է։

Ես ունեմ բանասիրական կրթություն։ Ես թեև ունեմ բանասիրական կրթություն, բայց մինչև հիմա չեմ հասկացել շատ բան։ Ասում են` մեր ոսկեղենիկ դարի Քերթողահայրը իր պատմությամբ, մանավանդ «Ողբով», շատ ժամանակակից է։ Լույս է տեսել բանասեր, պատմաբան, լեզվաբան, թարգմանիչ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ տասնյակ տարիների տառապալից, սխրալից տքնանքի արգասիք «Մովսես Խորենացու դարը» երկասիրությունը, որը, պարզ ասած, Խորենացուն դարից դար տեղափոխող հայ և օտար գիտնականներին նստեցնում է իրենց տեղում, իսկ Պատմահորը փառավորապես ու, կասեի, արդեն մշտնջենապես բազմեցնում իրենով, նաև իրենով շքեղակամար դարձած դարում։ Շուտով «Իրավունքը de facto» թերթի հյուրը կլինի անվանի գիտնականը, և մենք մի ավելորդ անգամ կհամոզվենք, թե մեր պատմությանը, պատմագրությանը նվիրյալ ինչ զինվորագրյալ գիտնական ունենք։ Իսկ հիմա ես անցնեմ իմ գործին, փորձեմ գովել իմ գլուխը, երբեք չմտածելով, թե կարող եմ վերջնական փորձանքի մեջ գցել փորձանքներից հեշտ պրծած իմ գլուխը։ Խոստովանեմ` ինձ կյանքում շատերն են օգնել. էլ պապ ու տատ, էլ հեր ու մեր, էլ մեծ եղբայր ու... բնություն, բայց ոչ մեկը չի օգնել Թումանյանի պես ու Թումանյանի չափ։ Ասում են` սերը սեր է բերում։ Թող բերի։ Սերն ինձ մի հարց է ուղղել. «Պատասխանեք, խնդրեմ, ո՞ւմ շնորհիվ են դասական գրողները մնում որպես խիստ ժամանակակից»։ Հիշեցնում են, որ հեղինակի ընտրությունը կարող եմ ինքս կատարել։ Բնականաբար, ընտրեցի Թումանյանին, որովհետև մեր մարգարեն ինձ միշտ է օգնել` վաղ մանկությունից մինչև հիմա։ Ոչ փակագծերի մեջ ասեմ, որ հայրս երկար նայում է խորասուզված կարդացող իր պատանյակ Հրանտին, ժպտում, ապա հարցնում` ինքնամտահան արած էդ ո՞ւմ ես կարդում, Հրանտ ջան։ Գլուխը դժվարությամբ գրքից կտրած զավակը նայում է հորը ու գրքից առած ժպիտը խառնած իր ժպիտին, պատասխանում է` Թումանյան, Հովհաննես Թումանյան... Հայրս երկար է նայում, մտքում իր իմացած ու իր հոր իմացած Թումանյան է կարդում, ապա` Թումանյան կարդացած են ծնվում... Հրանտը նորից ծնվեց, Թումանյան կարդացած, Թումանյան սովորած ծնվեց։
Ժամանակակից... Որ ժամանակակից, ուրեմն` Թումանյան, թեև ասել եմ, որ հայ ժողովուրդը ծնվել է Թումանյանից։ Ո՞ր գործը վերցնեմ։ Չկարողացա բաժանվել «Հառաչանքից»։ Հիմա առանց օգնության ոչինչ չի լինում։ Համոզված եմ` ինձ կօգնի ոչ միայն Թումանյանը, այլև, որտեղ դժվարանամ, ակը ցեխից կհանի ու գործը վրա կգցի Ծերունին։
Ներշնչանք։ Լոռու լեռներ. «Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով, Թընդում է հոգիս աշխույժով լըցված...»։ Իսկ ձորերը. «Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան, Սըրտիս էս խորունկ վերքերի նըման...»։ Երկիրը լավից, վատից կա, լեռները կան, ձորերը կան, աղոթք անող Հաղպատ-Սանահինը կան... Էլ ի՞նչ է ուզում բանաստեղծը. ծեր այգեպանը կա, մեղեդու ձայնով վազող Դեբեդը կա։ Ոչինչ, որ ձորերն Աստծու հարվածի հետքեր են թվում բանաստեղծին, բայց դրա՞նք են մեծ ու խոր, թե՞ բանաստեղծի հոգու թախիծը։ Դեռ սպասիր, թող մթնի։ Ծերունի է, էնքան շուն ու գել է տեսել, որ մտածում է` տեղից վերկացողը գլխին չինովնիկի գլխարկ է դնում, սա էլ «Եկած կըլինի, որ խաբար տանի, Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա, Ով յուր դռանը անասուն ունի, Կամ որի կնկա աչքերում յուղ կա»։
Գլխարկը փոխենք «վիզկապով», և` ժամանակակից պատկեր. հնություններ են քանդում, ծմակներ են իրենցով անում, թեև իրենց բերած հիվանդությունների պատճառով հավ ու խոզ չմնաց, բայց լավ էլ հաշվում են, թե անտերության մատնված գյուղացին «լևի» ինչ շահ ունի, գյուղի չեղած հավերը օրը քանի՞ ձու են ածում։ Աղքատիկ դափա ունի ծերունին։ Երկրաշարժի քսանամյա հուսահատ դոմիկները ծերունու դափի մոտ գլուխները կկախեն։ Ծերունին չի թաքցնում, որ «Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ Անց ենք կացնում մեր սև-սև օրերը...»։ Ծերունին վստահություն է շահել, ակնկալում է, որ քաղաքում կարդացող հյուրը հարց կտա. «թե ինչ ցավ ունի խեղճ ըռանչպարը»։ Էսօրվա մեր իշխանավորները լավ էլ մտնում են աղետի գոտի, հարցնում, թե ինչ պակաս-պռատ բաներ ունեն երկրաշարժի, ապա իրենց աղետյալները։ Հիմա էլ էլի խոստում, անգամ անպայման պարոն Գագիկ Ծառուկյանն է էնպես լավ խոստանում, թե էսպես ու էսպես` 12 թվին բոլորն էնպես են ապահով լինելու բնակարաններով, որ օրը ցերեկով Դիոգենեսի լապտերն առնելու են, որ աղետի գոտում գոնե օրինակի համար մի բնակարան չունեցողի ման գան, որ գտնեն։ Թե գտնի, էլի Քոչարյանն է գտնելու... երևանյան էլիտար մի շենքում, բայց ասելու է, որ հազիվ իր հետախույզները գտել են Սպիտակի Գոգարանում։
Մարդ է, ծերունի, բա իր ոտքով իր դափեն եկած ղոնաղից չհարցնի՞, չիմանա՞, թե ինչ կա քաղաքում, թանկ ու էժանից, գազեթից, բանից։ Հիմա էլ մեր գյուղերում թանկացող գները կապել են գյուղացու աչքերը, թերթերը ե՞րբ են գյուղ հասնում, որ լիկկայանի ժամանակների նման մինը գիրկապելով կարդա, ականջ ունեցողները լսեն։ Ծերունի է, ականջն է ընկել, թե «Երեք թագավոր, ասում են, իբրև, Խելքս չի կտրում, որ էսպես լինի, Խորհուրդ են արել, որ այսուհետև, Իր թախտից զըրկվի, ով կռիվ անի»։ Էդ երեք թագավորներն այսօրվա մեր հարյուր ու երեք կուսակցություններն են, բայց էլ ի՞նչ կուսակցություններ, որ մանավանդ ընտրությունների ժամանակ կռիվ չանեն, ընտրությունները թափանցիկ ու արդար չկեղծեն, մարդ չսպանեն, երկիր չավերեն... Էդ ամենից էնպես է զզվել բանաստեղծը, որ, ասես, դրանց ձեռից է փախել, սիրտը բացում է հարցով. «Ինչպե՞ս եք ապրում, դու ձեզնից պատմի, Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից»։ Եվ դարդիման ծերունին սրտի խորքից, մեր խորհրդարանի լեզվով էնպես է բարձրաձայնում` «Բա մեռած հո չե՞նք, ապրում ենք, էլի, Ամեն մեռնողի երանի տալով։ Մեր ապրուստն ի՞նչ է` մի կտոր չոր հաց, Էն էլ հրեն հա՜- երկնքից կախված», որ այսօր էլ մեր շատ գյուղերում, մանավանդ սահմանաՊԱՀ գյուղերի ծերունիները նույն հանգով են տրտնջում։ Հիմա գյուղացին բողոքում է, թե հող ու ջրի վարձը էնքան թանկ է, որ էլ ասելու բան չէ։ Եթե լավ մտածենք` էսպես պիտի ասեն ջանբեզար մեր գյուղացիները, որովհետև ի՞նչ են լսել, որ ի՞նչ ասեն։ Մարդն իր լեզվով ասում է. «Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ ՈՒ չեմ կարենում - չեմ հասնում վերջին։ Վազներից էնքան օգուտ չի գալի, Ինչ նրանց համար ես փող եմ տալի, Գըլուխը քարը, գոնե փող լիներ...»։ Մեր անտեր մնացած գյուղացին, հենց մենք, մեկն էլ ես, հենց դա ենք ասում, էլի։ Պարսկական ու այլ երկրների հզոր մեքենաները մտնում են մեր շարմաղ անտառները, սոթլիկ-կոկլիկ ծառերը գերան-գերան տանում են` գոհ մնալով ու մտքներում հայհոյելով մեր ախմախ տերերին, թե էս անտառները ո՜նց են հոշոտել տալիս, իսկ եթե Թումանյանի Ծերունու ժառանգները նույնպես ջախ են հավաքում, կրակ են վառում, որ տաքացնեն երեխաների սառած մարմինները, վրա են պրծնում, թե փող տվեք, հազար ասա, թե պարսիկների տարած գերանների թերմացքը, ճյուղերն են սրանք, որ էդ ծանրաբեռն մեքենաներն ավելի են փչացնում անճամփա մեր ճամփաները... «Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից, Աչքըդ թեքեցիր - բանիդ տերը չես»։ Հիմա, ճիշտն ասած, երկու կողմը` կուռը, դարձել է չորս կուռ, ու, ավելի ճիշտը, գել չկա։ Էսօրվա գողերը կթողնե՞ն գել մոտիկ գա, չորս կուռն էլ իրենք են` նորօրյա գողերը։ Ի՞նչ բողոքեն, ո՞ւմ բողոքեն, երբ էս գլխից գիտեն, որ «Բան չես վաստակում բացի դուշմանից»։ Եթե խեղճ պապի նման այսօրվա խաբվածները գնան միամիտ քնեն, թե դիվանն ասել է. «Ես աչքի լուսը կհանեմ գողի...»։ Օ՜, էսօրվա գողերի, իշխանավորների, օլիգարխների, կաշառակերների, հարստահարողների, լի՜քը-լքերի աչքի լուսը թե հանեն, ապա, պատկերացնո՞ւմ եք, գողերի հզոր բանակը պիտի քոռիքոռ ման գա։ Աստվածդ սիրես, դատավո՛ր, նման բան չանես, մեր գողերն են, մեր թալանչիները։ 2008-ի մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ ինչե՛ր եղան։ Էն եղավ, որ «Դարձել է աշխարքն, ախպե՛ր, առ ու փախ, Սերը դարձել սուր ու ջուրը - արին, Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ, Վայը եկել է տարել տըկարին»։ Էդպես էլ պիտի լիներ, որովհետև «Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել, Նորն էլ չըգիտենք, թե ինչ է եկել»։ Թե ո՜նց է հալածվում, անտերության մատնվում այսօրվա գյուղացին, դա լավ է չասել։ Բայց ո՞նց չասես, երբ «Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք, Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք»։ Այ, էդ տերերի տերը մեռնի, թե դրանք տերեր են։ Ո՞վ իր ուսերին քանի գլուխ ունի, որ թավադին բան ասի։ Ազատ խոսքի իրավունք ունի զըռ չոբան Չատին. «Էս դատաստանը, էս թավադն, Էս ես, Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում»։ Չոբան Չատին էլ իր մարտի մեկն է ունեցել, որովհետև ինչպես հիմա, էն ժամանակներում նույնպես «Մեկի պոչը միշտ մեկելի տակին» է եղել։ Տանուտերը թավադին դուր գալու համար «Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց, Ինչքան որ գիտես քո ասած թակեց»։ Հետն էլ` հաթաթա. «Թե` պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու, Որ էլ չըտեսնես արևը Լոռու»։ Էն ժամանակ... հատուկ սնայպերներ չեն եղել, որովհետև խոսքի տեղ միշտ թողել են. «Խոսք են կռվացրել, արին հո չարիք. Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ...»։ «Էնքան ու էսքան բերեք, որ ներենք...»։ Հիմիկվա նման էն ժամանակ էլ են լավ կլպել. «Էս է ունեցածն աստըծու տակին, Էլ չըկա, ախպեր, ո՞րտեղից բերենք»։ Ամենադժվար բանը հավատի չգալն է։ Հավատի չեկած թավադը «Գընաց ավելի բարձր գանգատվեց, Թե` ինքըս թավադ, թավադի որդի, ՈՒ չոբան Չատին ինձ ուշունց տըվեց...»։
Ինչպես հիմա, հնում էլ են քննություն արել. «Բաց արին տեսան գըրած զակոնում, Թե չոբան Չատին Սիբիր է գընում»։ Հիմա Սիբիր չէ, որտեղ աչքները կտրում է, գնում են, փախչում, միայն թե ազատվեն էս ապիկարներից։ Ծերունին միտք է անելու ու իր միտքը տալու է մեզ. «Ո՞վ է մեղավոր։ Միտք եմ անում, միտք, ՈՒ չեմ հասկանում ով է մեղավոր. Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում` Ապրիլ չի լինի էսպես ամեն օր։ Մինը իր կամքին` ինչ ասես անի, մյուսը խոսելու իրավունք չունի»։ Երկա՜ր մտածենք ու խոկանք. «Էն ո՞ր աստվածն է կարգ դրել էսպես...»։ «Նըրա արինը կարմի՞ր է մերից»։ Դառնացած ծերունի, ինքը խոսում է, բայց ասում է. «Էհ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես, Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ...»։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հ.Գ. կամ ի գիտություն -Եթե իմ էս խոսքերն իշխանավորների խղճին, ականջին, հոգուն (եթե, իհարկե, ունեն) բան չեն ասելու, հաթաթա չեմ տալիս, մի ղաչաղ էլ ես կդառնամ...

Դիտվել է՝ 5475

Մեկնաբանություններ